Մարզերի և համայնքների գրադարանավարների համար մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը կիրականացնի «Վարպետաց դասեր» խորագրով վերապատրաստման դասընթացներ ծրագիրը:
Այս մասին հայտնում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը:
Վերապատրաստման դասընթացներին կմասնակցեն Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Կոտայքի և Վայոց ձորի մարզային և համայնքային գրադարանների 50 աշխատակիցներ:
Ծրագրի առաջին փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին, երկրորդ փուլը՝ հուլիսի 24-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
Եռօրյա դասընթացները կվարեն Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Ամերիկյան համալսարանի Փափազյան, Ավ. Իսահակյանի անվան քաղաքային, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանների փորձառու գրադարանավարներն ու ոլորտի մասնագետները:
Ծրագիրը միտված է շարունակական կրթության ապահովմանը, գրադարանային գործի արդյունավետ կազմակերպմանը, գրադարանային ոլորտի աշխատակիցների մասնագիտական աճի նպաստմանը: Գրադարանավարները կտեղեկանան գրադարանային գործի արդի միտումներին, ձեռք կբերեն նոր կարողություններ և հմտություններ:
Դասընթացները կնպաստեն նաև գործընկերային փոխհարաբերությունների և գրադարանների միջև համագործակցության ակտիվացմանը:
Դասընթացների ավարտին ծրագրի մասնակիցները կստանան հավաստագրեր:
Կարծիքներ