Իրաքը երկրի տարածքում ԱՄՆ-ի հասցրած հարվածներն ագրեսիա է որակել
Իրաքի իշխանությունները երկրի տարածքում ԱՄՆ-ի զինված ուժերի հասցրած հարվածներն ագրեսիա են որակել ու հերքել ԱՄՆ-ի պնդումները, թե հարվածները կոորդինացվել են Իրաքի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրաքի կառավարությունը հերքել է ԱՄՆ-ի պնդումները, թե հարվածները կոորդինացվել են Իրաքի իշխանությունների հետ։
Ավելի վաղ իրաքյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ի հրթիռակոծությունների պատճառով Իրաքի արևմուտքում գտնվող Անբար նահանգում 16 մարդ է զոհվել։ Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն զգուշացրել է իրաքյան իշխանություններին այդ երկրում թիրախների վրա մոտալուտ հարձակումների մասին։
«Ամերիկյան կողմը կեղծել է փաստերը՝ պնդելով, որ հարվածները նախապես համաձայնեցված են եղել: Սրանք կեղծ հայտարարություններ են, որոնք նպատակ ունեն մոլորեցնել միջազգային հասարակական կարծիքը», - ասել է Իրաքի կառավարության խոսնակ Բասեմ ալ-Ավադին:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի գործողությունները անթաքույց ագրեսիա են՝ հավելելով, որ «միջազգային կոալիցիայի ուժերի ներկայությունն Իրաքում վտանգ է դարձել երկրի անվտանգության ու կայունության համար»:
Միացյալ Նահանգներն իր հերթին հայտարարել է, որ Հորդանանում իր ռազմակայանի դեմ իրականացված հարվածներին պատասխանելու նպատակով հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) և նրա հետ կապված ուժերին պատկանող ավելի քան 85 թիրախների Իրաքում և Սիրիայում։
Ըստ ԱՄՆ բանակի՝ ամերիկյան օդանավերի կողմից խոցված թիրախների թվում են հրամանատարական կետեր, հետախուզական կենտրոններ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստարաններ, ինչպես նաև այլ օբյեկտներ, որոնք ներգրավված են Իրաքում և Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դաշնակից ուժերի համար զինամթերքի մատակարարման շղթաների շահագործումն ապահովելու համար:
Կարծիքներ