Գերմանիան կարող է պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Գերմանիան սահմանափակումներ է մտցրել չպատվաստվածների նկատմամբ՝ «օմիկրոն» շտամով սրված կորոնավիրուսային վարակի աճը կասեցնելու ջանքերի շրջանակներում, հայտնել է Reuters-ը։
Հեռացող կանցլեր Անգելա Մերկելը եւ նրա իրավահաջորդը՝ Օլաֆ Շոլցը, պայմանավորվել են Գերմանիայի 16 երկրամասերի ղեկավարների հետ արգելել չպատվաստված անձանց մուտքը գրեթե բոլոր վայրեր, բացառությամբ մթերային խանութների, դեղատների եւ փռերի:
Նրանք նաեւ պայմանավորվել են պատվաստումը պարտադիր դարձնող օրենք ընդունել։
«Իրավիճակը շատ լուրջ է», - ասել է Մերկելը Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ. ակնկալվում է, որ վերջինս հաջորդ շաբաթ կընտրվի կանցլեր։ «Վարակվածների թիվը կայունացել է, սակայն չափազանց բարձր մակարդակի վրա է»:
Մերկելը նշել է, որ էթիկայի հանձնաժողովից կպահանջվի մշակել պարտադիր պատվաստումների մասին օրենք, Բունդեսթագը կքննարկի այն, եւ կքվեարկություն կանցկացվի փետրվարից ոչ ուշ:
Գերմանիայի պատվաստումների մակարդակը 70 տոկոսից մի փոքր ցածր է, ինչը մոտավորապես համապատասխանում է ԵՄ միջին ցուցանիշին, սակայն ավելի ցածր է, քան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Պորտուգալիան եւ Իռլանդիան:
Կարծիքներ