Աֆղանստանում հումանիտար ճգնաժամը կարող է դառնալ ամենամեծն աշխարհում. Պակիստանի վարչապետ
Աֆղանստանում հումանիտար ճգնաժամը կլինի աշխարհում ամենամեծը, եթե միջազգային հանրությունը հիմա չգործի։ «Հայկական ժամանակի»հաղորդմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանը Իսլամաբադում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) երկրների արտգործնախարարների 17-րդ արտահերթ նիստում՝ կազմակերպված Աֆղանստանի հարցով։
«Եթե աշխարհը չգործի և օգնություն չտրամադրի Աֆղանստանին, ապա այս երկրում մեծ մարդածին ճգնաժամ կառաջանա, որն արդեն բացվում է մեր առջև», - Պակիստանի կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերում Geo TV-ն։
Վարչապետի խոսքով՝ «ԻՀԿ երկրները պետք է օգնություն ցուցաբերեն Աֆղանստանին՝ ելնելով նրա հանդեպ ունեցած կրոնական պարտականություններից»։
Դիմելով Միացյալ Նահանգներին՝ Իմրան Խանն ասել է, որ «Վաշինգտոնը պետք է տարանջատի իր ռազմավարությունը Թալիբան շարժման նկատմամբ իր մոտեցումից 40 միլիոն Աֆղանստանի քաղաքացիների ճակատագրից, որոնք տառապում են սովից և արագ հումանիտար օգնության կարիք ունեն։
«Աֆղանստանը գնում է դեպի քաոս, եթե աշխարհն անհապաղ միջոցներ չձեռնարկի: Այս իրավիճակը չի սազում ԱՄՆ-ին, քանի որ քաոսի պայմաններում անհնար է պայքարել ահաբեկչության դեմ»,- ասել է Պակիստանի վարչապետը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ թալիբները պետք է կատարեն միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները, որոնք ներառում էին ներառական կառավարության ձևավորումն ու կանանց իրավունքների ապահովումը։
Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին ԻՀԿ-ի հանդիպման ժամանակ ներկայացրել է վեց կետից բաղկացած ռազմավարություն, որը կոչ է անում միջազգային հանրության կողմից շտապ քայլեր ձեռնարկել Աֆղանստանի պարենային անվտանգությունն ու տնտեսական վերականգնումն ապահովելու համար:
Իսլամաբադի նիստին մասնակցում են այս կազմակերպության անդամ 57 երկրների արտաքին գործերի նախարարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի, միջազգային ֆինանսական հաստատությունների, տարածաշրջանային կազմակերպությունների, ինչպես նաև Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի հատուկ ներկայացուցիչներ և այլ երկրներ: Աֆղանստանը խորհրդաժողովում ներկայացնում է Թալիբների կողմից ձևավորված ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթաքին։
Կարծիքներ