Լիբիայում տեխնիկական խնդիրներ չկան ընտրությունները ժամանակացույցով անցկացնելու համար
Դեկտեմբերի 24-ին Լիբիայում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար տեխնիկական խնդիրներ չկան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտարարել է Լիբիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Իմադ ալ Սայիհը։
«Ընտրական հանձնաժողովը տեխնիկական խնդիրներ չունի ընտրությունները նախատեսված կարգով անցկացնելու համար», - ասել է ալ Սայիհը։
Լիբիայի ընտրական հանձնաժողովի ղեկավարի հայտարարության համաձայն՝ եթե ընտրությունները հետաձգելու որոշում կայացվի, ապա այս հայտարարությունը կանի երկրի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանը), այլ ոչ թե Բարձրագույն ընտրական հանձնաժողովը։
Անցած չորեքշաբթի երկրի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովի մի քանի անդամներ կարծիք հայտնեցին, որ ընտրությունների անցկացումը հնարավոր չէ նախապես նշված ժամկետներում, և կոչ արեցին Լիբիայի իշխանություններին պաշտոնապես հայտարարել այդ մասին։
Լիբիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 24-ին նախագահական ընտրությունների հետ միաժամանակ։
Կարծիքներ