«Ճանապարհային դեպարտամենտ»-ը հորդորում է վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատանքներին
Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին 34 կապալառու կազմակերպությունների կողմից կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն։ Վերջիններս մինչ ձմեռային սեզոնի մեկնարկը իրենց բազաներում կուտակում են աղի ու ավազի պաշարներ, պատրաստ վիճակի բերում ձյուն մաքրող տեխնիկան:
Ձյան տեղումների ժամանակ ճանապարհները մաքրվում են, երբ ծածկի արտաքին շերտը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղով և ավազով մշակման աշխատանքները։ Երկարատև ձյան տեղումների ժամանակ գործընթացը կատարվում է պարբերաբար։ -7С°-ից ցածր ջերմաստիճանի դեպքում աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը‚ և աղ-ավազային խառնուրդն այլևս չի ծառայում իր նպատակին։ Այս պարագայում օգտագործվում է աղ-ավազ և խարամ (շլակ), որի տարածումը ձյան շերտի վրա ավելացնում է ավտոմեքենաների անվադողերի հպումը ճանապարհածածկին։
Եղանակային կանխատեսումներին հետևելով՝ հնարավոր է որոշակիորեն կանխարգելել ճանապարհի սառցակալումը, սակայն անհնար է որոշել տեղումների քանակը։ Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել, քանի որ ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներից հետո ժամանակ է հարկավոր, որպեսզի ձյան շերտը, անիվների հետ շփվելով, աշխատի և սկսի հալչել։
Բքի պայմաններում ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներն արդյունավետ չեն, քանի որ բքի ժամանակ մաքրված ճանապարհն անընդհատ ծածկվում է ձյան բերվածքներով, իսկ աղ-ավազի խառնուրդն անհետանում է քամու հոսանքի հետ։ Բացի այդ, բքի ժամանակ տեսանելիությունը գրեթե հավասարվում է 0-ի։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատանքներին և հետևել բոլոր հրահանգներին։ Այդպիսով կազմակերպությունների աշխատակիցներն ավելի արագ և դյուրին կիրականացնեն ձնամաքրումն ու աղով-ավազով մշակումը։
Կարծիքներ