Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են հումանիտար միջանցքների համար ժամանակավոր հրադադարի հնարավորության շուրջ
Ավարտվել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Բելտա»-ին, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
«Ցավոք, չենք ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էինք: Եվ միակ բանը, ինչ կարող եմ ասել, որ մանրակրկիտ քննարկվել են մարդասիրական ասպեկտները, որովհետև շատ քաղաքներ ներկայումս գտնվում են շրջափակման մեջ, դրամատիկ իրավիճակ է սննդի և բժշկական պարագաների հետ կապված»,- ասել է Պոդոլյակը:
Նա ընթերցել է այն դրույթը, որի շուրջ երկու կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել:
«Ռուսաստանը եւ Ուկրաինան պայմանավորվել են մի շարք հումանիտար հարցերի շուրջ, այդ թվում ՝ հումանիտար միջանցքների կազմակերպման համար ժամանակավոր հրադադարի հնարավորության շուրջ»,- ասել է Պոդոլյակը:
Նա հավելել է նաև, որ կողմերը բանակցությունները կշարունակեն երրորդ փուլում մոտակա ժամկետներում:
Կարծիքներ