Հայաստանցիների 70 տոկոսը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը․ IRI-ի հարցում

Հայաստանցիների 70 տոկոսը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը․ IRI-ի հարցում

Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը՝ 70 տոկոսը կողմ է Թուրքայի հետ հարաբերությունների հաստատմանը՝ պայմանով, որ Անկարան չխոչընդոտի ղարաբաղյան կարգավորմանը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցման արդյունքների համաձայն, հարցվածների 90 տոկոսը կարծիք է հայտնել, որ Հայաստանի համար քաղաքական և անվտանգային ամենամեծ սպառնալիքը հենց Թուրքիան է ներկայացնում։

Միջազգային հանրապետական ինստիտուտի հերթական հարցումն անցկացվել է անցած տարեվերջին՝ 1512 քաղաքացու շրջանում։ Անվտանգության, արտաքին և ներքին քաղաքականության, պետական ինստիուտների գործունության մասին տարաբնույթը հարցերը ամփոփած ուսումնասիրության հեղինակները եզրակացրել են, որ հայաստանցիները առաջնային են համարում տարածքային և սահմանային անվտանգության խնդիրները։

«Ղարաբաղյան վերջին պատերազմն ու տարածաշրջանում ռազմական բախումների պատմությունն աչքի առաջ ունենալով, հասկանալի է, որ հայաստանցիներն անհանգստացած են ազգային անվտանգությամբ և սահմանային խնդիրներով։ Հայաստանցիները ցանկանում են տեսնել տարածքային երկարամյա այս խդիրների հանգուցալուծումը», - ասել է IRI-ի եվրասիական բաժնի ղեկավար Սթիվեն Նիքսը։

Հարցման ծավալուն հատվածը հենց այս խնդիրներին էլ նվիրված է։ Այսպես՝ «Ե՞րբ սկսել դելիմիտացիան ու դեմարկացիան»․ ժամկետների մասին խոսելիս հարցվածների 25 տոկոսը կարծիք է հայտնել , որ դա պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումից և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրումից հետո, 16 տոկոսը կարծում է՝ միայն այն ժամանակ, երբ Հայաստանի Զինված ուժերը վերականգնվեն, 16 տոկոսը մտածում է, որ այս պահին գործընթացի մեկնարկը չի բխում Հայաստանի և Արցախի շահերից, իսկ 15 տոկոսը նշում է՝ որքան հնարավոր է շուտ, 14 տոկոսն էլ, թե՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկզբունքների հստակեցումից հետո։

«Ադրբեջանի հետ տրանսպորտային ուղիների բացումը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական զարգացման վրա», - այս հարցին էլ 5 տոկոսը պատասխանել է ՝ միանշանակ դրական, 45-ը՝ միանշանակ բացասական։

Իսկ Թուրքիայի հետ տրանսպորտային ուղիների բացումը քաղաքացիների 6 տոկոսի կարծիքով միանշանակ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական զարգացման վրա, միանշանակ բացասական՝ 36 տոկոսի կարծիքով։

Ուսումնասիրության մի ծավալուն բաժին էլ վերաբերում է պետական մարմինների աշխատանքին։ Ըստ հարցման՝ հայաստանցիները ամենաշատը գոհ են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ամենադժգոհը՝ Ազգային ժողովից, նախագահի գրասենյակից, դատարաններից։

Համեմատելով նախորդ տարվա մարտ ամսվա հարցման տվյալների հետ՝ նկատում ենք, որ ՄԻՊ-ի գրասենյակի հեղինակությունն աճել է, Ազգային ժողովի աշխատանքից քաղաքացիները նախորդ տարի ևս ամենադժգոհն են եղել, իսկ, օրինակ, վարչապետի գրասենյակի աշխատանքը եթե նախորդ տարի շատ բարենպաստ էր գնահատել 29 տոկոսը, ապա այս տարի թիվը կրճատվել է՝ գոհ է միայն 19 տոկոսը։

Քաղաքացիներին հարց է ուղղվել նաև՝ «Ձեր կարծիքով Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ»։ Հատկանշական է, որ եթե մայիսին հարցվածների 41 տոկոսը պատասխանել էր, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ 20 տոկոսը կարծում էր՝ սխալ ուղղությամբ, ապա արդեն տարեվերջին պատկերը փոխվել է՝ 46 տոկոսը նշել է, որ սխալ ուղղությամբ է շարժվում, 34 տոկոսը՝ ճիշտ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում