Պենտագոնից հայտարարել են, որ Իրաքում հրթիռային հարվածի վերաբերյալ որոշումը կընդունեն հետաքննությունից հետո
Պենտագոնը միայն հետաքննության ավարտից հետո որոշում կընդունի այն մասին, թե ինչպես պետք է արձագանքի Իրաքում հրթիռակոծությանը: Այս մասին լրագրողներին հայտնել է պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հետաքննությունը շարունակվում է,- նշել է նա: - Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչպիսի հետեւանքներ կլինեն [հարվածի պատճառով]»: Քիրբիի խոսքով՝ ներկայումս ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները փորձում են պարզել այդ հարձակման պատասխանատուներին: Նա նաեւ հայտարարել է, որ ամերիկացի զինվորականներն իրենց պաշտպանելու եւ ցանկացած սպառնալիքին պատշաճ կերպով պատասխանելու իրավունք ունեն:
Ավելի վաղ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը նախազգուշացրել էր, որ Իրաքում հրթիռային հարձակման պատասխանատուներին հետեւանքներ են սպասում:
Փետրվարի 15-ի երեկոյան Իրաքյան Քուրդիստանում Էրբիլի օդանավակայանի շրջանը, որտեղ տեղակայված է ամերիկացի զինվորականների կողմից օգտագործվող ռազմաբազան, հրթիռակոծության էր ենթարկվել: Միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ուեյն Մարոտոն հայտնել էր, որ հարվածի հետեւանքով զոհվել էր մեկ քաղաքացիական ծառայող, տուժել էին ԱՄՆ զինծառայող եւ մի քանի ամերիկացի մասնագետներ:
Կարծիքներ