Սպիտակ տունը սաստիկ ձնաբուքը Տեխասում կապել է կլիմայի փոփոխության հետ
Սպիտակ տունը սաստիկ ձնաբուքը Տեխաս նահանգում եւ շրջակա նահանգներում կապել է կլիմայի փոփոխության հետ` հերքելով Տեխասի պաշտոնյաների այն պնդումները, թե կանաչ էներգիան է դարձել էլեկտրականության զանգվածային անջատումների պատճառը, փոխանցում է Reuters-ը:
Ճգնաժամը նավթ եւ գազ արդյունահանող ԱՄՆ ամենամեծ նահանգում սրել է լարվածությունը Ջո Բայդենի վարչակազմի եւ Տեխասի հանրապետական նահանգապետ Գրեգ Էբոթի միջեւ, ով ի սկզբանե չէր ճանաչում Բայդենի հաղթանակը 2020 թվականի ընտրություններում:
Էբոփը պետական պաշտոնյաներին կարգադրել է հակազդել Բայդենի` կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված ջանքերին:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Լիզ Շերվուդ-Ռանդալը հայտարարել է, որ ավելի քան 1 միլիոն մարդ դեռ տուժում է ձնաբքի հետեւանքով հոսանքի անջատումներից: Նա կարծում է, որ ճգնաժամի պատճառը կլիմայի փոփոխությունն է, ինչը տուժած նահանգների որոշ հանրապետական պաշտոնյաներ հերքում կամ թերագնահատում են: «Եղանակային ծայրահեղ իրադարձությունները, որոնք մենք վերաապրում ենք այս շաբաթ, մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխությունն իրական է, եւ այն տեղի է ունենում հիմա, եւ մենք բավարար չափով պատրաստ չենք դրան»,- ասել է նա:
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին նշել է, որ տեխասյան գործակալությունը, որը կառավարում է նահանգի էներգահամակարգը, հայտարարել է, որ խափանումներն արեւային եւ քամու էներգիայի աշխատանքում «էլեկտրաէներգիայի անջատումների նվազագույն նշանակալից գործոնն էին»: Փսակիի խոսքով` հրապարակումները, որոնք հակառակն էին պնդում, ճշգրիտ չէին:
Տեխասի էլեկտրաապահովման խորհուրդը (ERCOT), որը պատասխանատու է նահանգի էլեկտրաէներգիայի 90 տոկոսի համար, հայտարարել է, որ «զգալի առաջընթաց է գրանցել» էլեկտրաէներգիայի վերականգնման հարցում: Մանրամասն թվեր չեն ներկայացվում: Ըստ poweroutage.com-ի տվյալների` Տեխասի մոտ 447.000 տնային տնտեսություն դեռ հոսանքազրկված է:
Կարծիքներ