Դիմակավորված ծայրահեղականները հարձակվել են Երուսաղեմի հայերի և Հայոց պատրիարքարանի վրա, կան տուժածներ

Հունվարի 28-ի ուշ երեկոյան երկու հրեա ծայրահեղականներ Հայոց պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս՝ Հայոց վանքի դիմաց, նախ փորձել են խոչընդոտել երթեւեկությունը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց Միաբանության դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը:
Վերջինս մանրամասնել է, որ հայ երիտասարդները, մեքենայից իջնելով, քաղաքավարի խոսել եւ հարցրել են. «Ինչո՞ւ եք հարվածում մեքենային, սա մեր թաղամասն է, մենք աշխատանքից տուն ենք վերադառնում: Մենք հարգում ենք հրեաներին, ինչո՞ւ եք էսպիսի բաներ անում, մենք ձեզ ի՞նչ ենք արել»:
Դիվանապետի փոխանցմամբ՝ հրեա ծայրահեղականներից մեկը սկսել է բղավել. «Դուք այստեղ թաղամաս չունե՛ք: Սա մե՛ր երկիրն է, գնացեք մեր երկրից»:
Եվ երբ հայ երիտասարդներն ասել են. «Սա նաեւ մե՛ր երկիրն է, մեր տունը այստե՛ղ է, մենք այստե՛ղ ենք ծնվել, ուրիշ տեղ չունենք գնալու», մյուս ծայրահեղականը արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին, եւ երկուսով փախուստի են դիմել: Հայ երիտասարդները փորձել են հետապնդել վերջիններիս, որպեսզի ոստիկաններին հանձնեն, սակայն արցունքաբեր գազի ազդեցությունը թույլ չի տվել, եւ հայ երիտասարդին ընկերը տեղափոխել է հիվանդանոց:
Ըստ Հայր Աղան Գոգչեանի՝ հիվանդանոցից վերադառնալուց հետո հայ երիտասարդները բողոք են ներկայացրել ոստիկանություն: Ոստիկանները հայտնաբերել են երկու հրեա ծայրահեղականներին եւ ձերբակալել նրանց: Նրանցից մեկին լուսաբացին ազատ են արձակել, իսկ արցունքաբեր գազ փչողը դեռ ձերբակալված է:
Գրառման մեջ նաև նշվում է, որ այս դեպքից մեկ ժամ անց հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ «Լացի պատ» գնալիս անցնելով Պատրիարքարանի փողոցով՝ փորձել է մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք եւ հանել պատրիարքարանի խաչակիր եւ Հայաստանի Հանրապետության դրոշները: Այդ պահին վանքի դիմաց կանգնած հայ երիտասարդները, նկատելով այդ, մոտեցել և արգելել են հրեա ծայրահեղականների գործողությունները, վերջիններս փախչել են և շուտով վերադարձել ավելի փոքր խմբով, այս անգամ՝ դիմակավորված:
Դիմակավոր ծայրահեղականները նորից փորձել են կռիվ հրահրել, հայ երիտասարդների ուղղությամբ օդում արցունքաբեր գազ են փչել, հայհոյել հայերին եւ փախչել ոստիկանության ուղղությամբ: Հայ երիտասարդները հետապնդել են նրանց, եւ երբ վերջիններս տեսել են, որ հայերը հետապնդում են իրենց, բղավել են. «Տեռորիստական հարձակո՜ւմ, տեռորիստական հարձակո՜ւմ»:
Ոստիկանները, կարծելով, որ հրեա ծայրահեղականների բղավոցները ճիշտ են, փակել են հայ երիտասարդների ճանապարհը, զենքերը պահելով նրանց վրա՝ ծեծի ենթարկել մի քանիսին, եւ նրանցից Գևորգ Քահկէճեանին ձերբակալելով՝ տարել են ոստիկանություն, այն մեղադրանքով, թե վերջինս հարձակվել է ոստիկանի վրա, որն իրականության հետ աղերս չունի:
Դիվանապետը հայտնում է նաև, որ Գէորգ Քահկէճեանին մի գիշեր պահել են ոստիկանությունում, հաջորդ օրը՝ հունվարի 29-ին՝ կեսօրից հետո, Նորին Ամենապատվություն Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեան Պատրիարք Սրբազան Հօր անմիջական միջամտությամբ եւ դատարանի որոշմամբ Գէորգ Քահկէճեանն ազատ է արձակվել, եւ տրվել է 20-օրյա տնային կալանք: Եվ քանի որ Գէորգ Քահկէճեանն ունի մարմնական վնասվածքներ, վանքի փաստաբանի միջնորդությամբ ոստիկանությունը թույլ է տվել, որ վերջինս բժշկական հետազոտություն անցնի:
Կարծիքներ