ՀՀ ԱԳ փոխնախարարը և ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համահիմնադիրն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգությանը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը փետրվարի 23-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի համահիմնադիր Ֆրանսուա Ալֆոնսիի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը, ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը և հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Այս համատեքստում կողմերը կարևորել են Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
Նշվում է, որ քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր՝ ներառյալ միջխորհրդարանական համագործակցությունը։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլվել է համապատասխան բանաձևերում և զեկույցներում։
Կարծիքներ