Հայաստանի սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող. ԱԳՆ խոսնակը՝ Զախարովային
Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող:
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Մարիա Զախարովայի այսօրվա հայտարարությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն:
Բացի դա, ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է».- մանրամասնել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Այսօր ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը ՀՀ տարածքում պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ-ն:
Կարծիքներ