Պետպատվերի շրջանակում 2021-ին կատարվել է 1-4.5 տարեկան 18 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն

Պետպատվերի շրջանակում 2021-ին կատարվել է 1-4.5 տարեկան 18 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն

Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է: Նպատակը լսողության կորստի և խլության կանխարգելման, ինչպես նաև լսողության և ականջի առողջության պահպանման վերաբերյալ իրազեկման բարձրացումն է ամբողջ աշխարհում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այս տարի Լսողության պահպանման միջազգային օրվա կարգախոսն է՝ «Ողջ կյանքի ընթացքում լսելու համար անհրաժեշտ է խնայել լսողությունը», որը նվիրված է լսողության կորստի կանխարգելման նշանակությանը և մեթոդներին, մասնավորապես` անվտանգ լսելուն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` բնակչության 5%-ից ավելին կամ 466 միլիոն մարդ (432 մլն մեծահասակ և 34 մլն երեխա) ունի լսողության կորուստ:

Մինչև 15 տարեկան երեխաների լսողության կորստի դեպքերի 60%-ի պատճառներից են՝

1.    վարակները` կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, մենինգիտ, ցիտոմեգալովիրուսային վարակ, միջին ականջի քրոնիկ օտիտ (31%).

2.   պտղի ասֆիքսիան ծնվելիս, անհասությունը, ծնվելիս ցածր քաշը, դեղնուկը, ծննդաբերական բարդությունները (17%).

3.   օտոտոքսիկ (լսողության ֆունկցիայի վրա վնասակար ազդեցություն ունեցող դեղեր) դեղերի կիրառումը հղիների և կրծքահասակ երեխաների շրջանում (4%).

4.   Այլ (8%):

Ըստ ԱՀԿ-ի` կանխարգելիչ միջոցառումներն են`

երեխաների իմունիզացիան կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, մենինգիտի դեմ.

դեռահասային և վերարտադրողական տարիքի աղջիկների և կանանց պատվաստումը կարմրախտի դեմ մինչև հղիությունը.

ականջի համապատասխան խնամքի պահպանումը.

բարձր աղմուկի ազդեցության նվազեցումը.

միջին ականջի օտիտի սքրինինգը և համապատասխան վարումը,

լսողության համար վտանգ ներկայացնող դեղերի կիրառման բացառումը կամ սահմանափակումը.

նորածնային սքրինինգը.

իրազեկումը դեռահասների շրջանում:

Խնդիրների վաղ հայտնաբերումն ու համապատասխան միջոցառումների կիրառումը հիմնական գործոններն են, որոնք կարող են նվազեցնել լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա: Մինչև երեխայի խոսքի զարգացումը խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում` հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական հարմարեցումը:

Նորածինների լսողության սքրինինգային ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018-ից այն արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում:

Լսողության սքրինինգի շրջանակներում 2021 թվականին Հայաստանում իրականացվել է 33177 հետազոտություն: Սքրինինգի արդյունքում հայտնաբերված երեխաները վերցվել են հսկողության` լսողության պրոթեզավորման կամ կոխլեար իմպլանտացիայի նպատակով:

Պետական պատվերի շրջանակում 2021 թվականին կատարվել է 1- 4.5 տարեկան 18 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն:

2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ սուրդոլոգիական դիսպանսերի հսկողության տակ է գտնվել լսողության խանգարում ունեցող մինչև 18 տարեկան 1157 երեխա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում