Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է. Նիկոլ Փաշինյան
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ մեխանիզմներով է Կառավարությունը որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրել Էդգար Շաթիրյանին, եղե ՞լ են այլ տարբերակներ, մրցույթ՝ ընդգծելով, որ թեկնածուների հետ կապված հանրության մոտ հարցեր են առաջանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, պատասխանելով պատգամավորի հարցին՝ նշեց պետք է ճշգրտել հանրության ներկայացուցիչների հասցեն, հեռախոսի համարները, որպեսզի հասկանալ՝ իրենք ում են ներկայացնում: «Երբ երեկ մենք դպրոցներ այցելեցինք և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը տեղեկացրեց, որ առաջին օրը հանրակրթական դպրոցների բացման հաճախելիությունը 97 տոկոս է, այսօր էլ է 97 տոկոս, մինչդեռ երկուշաբթի առավոտ մարդիկ կային, պնդում էին, թե մեր հանրությունը բոյկոտում է դպրոցները»:
Շարունակելով պատասխանել հարցին, գործադիրի ղեկավարն ասաց. «Ասում եք՝ հանրության շրջանում հարցեր են առաջացել: Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության պրոցեսում կային մարդիկ, կային շրջանակներ, որոնք անընդհատ ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին, անընդհատ փորձում էին իրավիճակը համեմատել հեղափոխության արժեքների հետ: Այնպիսի տպավորություն էր, որ հեղափոխության ժամանակ հեղափոխությունը կառավարած, ղեկավարած քաղաքական թիմը գաղափար չունի հեղափոխության արժեքների մասին, և մարդիկ, որոնք հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մի շաբաթ հետո, դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ: Այդպե՞ս է արդյոք: Ոչ, ես ասում եմ, որ այդպես չէ»,- նշեց Փաշինյանը:
Նա նշեց, որ ամեն իրավիճակում կան խմբեր, կան ուժեր՝ քաղաքական եւ ոչ քաղաքական, որոնք ուզում են իրենց օրակարգը, իրենց շահերը, իրենց մարդկանց, իրենց թեկնածուներին, իրենց կամակատարներին հանրության անունից որոշակի տեղերում տեղավորել: «Եվ ես կարծում եմ՝ ինչ տեղի է ունեցել ԱԺ-ում, կարևոր էր. Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, փակվել է: Առնվազն այսքանով պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել շատ կարեւոր մի բան: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան: Ոչ, չի նշանակում, թե ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան: Կառավարությունն էլ թեկնածուների մասին որոշումը կայացրել է լիազորությունների շրջանակներում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ