Ավելացել են Ադրբեջանի կողմից ՀՀ զինված ուժերի դիրքերի թիրախավորման և ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը. ԱԳՆ
Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրենց ծավալներով աննախադեպ ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ օկուպացնելով շուրջ 150 կմ քառ տարածք։ Ադրբեջանական այս ագրեսիային նախորդել էին 2021թ. մայիս և նոյեմբեր ամիսներին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումն ու օկուպացիան։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն, որում նաև ասված է.
«Ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվել են բնակավայրերի, քաղաքացիական և բնապահպանական ենթակառուցվածքների թիրախավորմամբ, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու սարքերի կիրառմամբ։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց մարմինների խոշտանգումները, որոնց աղաղակող տեսաձայնագրություններն առկա են և որոնք քննադատվել են միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, հանդիսանում են ռազմական հանցագործություններ և պետք է արժանան նաև միջազգային հստակ իրավական քննության և համընդհանուր գնահատականի։
Առաջնորդվելով անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է վտանգել խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում. այս օրերին սոցիալական ցանցերում տարածվում են բազմաթիվ տեսանյութեր, որոնք վկայում են, որ Ադրբեջանը զորք և խոշոր տրամաչափի զինտեխնիկա է կուտակում ինչպես ՀՀ հետ պետական սահմանի, այնպես էլ ԼՂ հետ շփման գծի երկայնքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու մերձակայքում։ Զգալիորեն ավելացել են Ադրբեջանի կողմից ՀՀ զինված ուժերի դիրքերի թիրախավորման և ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:
Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում այն գործընկերների հայտարարությունները և գործողությունները, որոնք մեկ տարի առաջ հստակորեն արձանագրեցին ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստը և Ադրբեջանի կողմից ուժի կիրառման անթույլատրելիությունը՝ նաև որպես հետագայում նման գործելաոճի կանխման հստակ ուղերձ:
Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։ Միևնույն ժամանակ, շարունակելով շահագրգիռ լինել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմամբ՝ ՀՀ-ը վերահաստատում է իր առաջարկն` իրականացնել զորքերի հայելային հետքաշում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից՝ հիմք ընդունելով 1975թ. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները։
Ակնկալում ենք, որ տարածաշրջանում խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգռված դերակատարները, այդ հարցում մանդատ ունեցող կառույցները կձեռնարկեն բոլոր ջանքերը և կկիրառեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր մեխանիզմները՝ կանխելու մեր տարածաշրջանում հերթական ապակայունացման, ուժի անօրինական կիրառման փորձերը»:
Կարծիքներ