Մերկելը Թուրքիային դրել է Չինաստանի, Ռուսաստանի, և ԱՄՆ-ի կողքին

Մերկելը Թուրքիային դրել է Չինաստանի, Ռուսաստանի, և ԱՄՆ-ի կողքին

Գերմանիան ԵՄ-ում իր նախագահության ընթացքում կնպաստի աշխարհաքաղաքական խոշոր դերակատարների հետ հարաբերությունների հարցում միասնական դիրքորոշման ձևավորմանը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ թողարկված նոր պոդկաստում, որը Գերմանիայի կառավարության կայքում հրապարակվել է շաբաթ օրը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Մեր նպատակն է, որ ԵՄ-ն ստանձնի միասնական և միաձայն դիրքորոշում՝ ստեղծելով հարաբերություններ ռազմավարական գործընկերների Չինաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Միացյալ Նահանգների հետ»,- ասել է նա:

Մերկելի խոսքով՝ ԵՄ 27 երկրների շահերի միանգամից պատասխանելը հեշտ չէ, բայց Գերմանիան կձգտի դրան:

Նա նաև հավելել է, որ ցանկանում է ժամանակակից աշխարհում Եվրոպան դարձնել ավելի արդյունավետ:

«Այն անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանենք եվրոպական արժեքներն ու շահերը»,- ասել է կանցլերը:

Գերմանիան ԵՄ-ն կգլխավորի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը:

Կանցլերը ավելի վաղ հայտնել էր, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը նախագահության ընթացքում կենտրոնանալու է կլիմայի պաշտպանության, եվրոպական առողջապահական համակարգի ամրապնդման և թվայնացման վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում