Մերկելը Եվրոպային կոչ է արել մտածել՝ առանց ԱՄՆ-ի աշխարհում իրենց դերակատարության մասին

Մերկելը Եվրոպային կոչ է արել մտածել՝ առանց ԱՄՆ-ի աշխարհում իրենց դերակատարության մասին

«Եվրոպական երկրները պետք է լրջորեն մտածեն նոր իրականության մասին, որի համաձայն, ԱՄՆ-ը միգուցե չցանկանա նախկինի նման խաղալ աշխարհի առաջատարի դերը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ուրբաթ օրը եվրոպական մի շարք թերթերում, այդ թվում նաև «The Guardian»-ում հրապարակված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք մեծացել ենք որոշակի գիտելիքներով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է լինել համաշխարհային առաջատար տերություն: Եթե ԱՄՆ-ն իր ազատ կամքով այժմ ցանկանա դադարեցնել իր այդ դերակատարումը, ապա մենք պետք է լրջորեն մտածենք այդ մասին»,- ասել է կանցլերը:

Նրա խոսքերը պատասխան էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարություններին, ըստ որոնց, նա ցանկանում է Գերմանիայում գտնվող զորախումբը 35-ից կրճատել մինչև 25 հազարի, քանի որ Բեռլինը ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանության համար բավականաչափ չի ծախսում:

Ըստ եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցների, այդ որոշումը կայացվել է Գերմանիայի կամ դաշինքի այլ երկրների հետ առանց որևէ խորհրդակցության: Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ելույթ ունենալով Բրյուսելում գտնվող գերմանական «Marshall Fund»-ում, ասել է, որ Գերմանիայից զորքերի դուրսբերումն ամբողջ աշխարհում՝ Աֆրիկայում, Ասիայում և Եվրոպայում, ամերիկյան զորքերի տեղակայման ռազմավարարության վերանայման մի մասն է:

«Գերմանիայում ամերիկյան զորքերը ոչ միայն օգնում են պաշտպանել Գերմանիան և ՆԱՏՕ-ի եվրոպական մասը, այլև Միացյալ Նահանգների շահերը: Մենք Գերմանիայում գիտենք, որ պետք է ավելի շատ ծախսեր կատարենք պաշտպանության վրա և վերջին տարիներին հասանք դրանց զգալի աճի: Մենք կշարունակենք ռազմական ներուժի ավելացման այս ճանապարհը»,- ասել է Մերկելը:

Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ պաշտապանության ոլորտում կպահպանվի համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ:

«Նայեք աշխարհին, Չինաստանին կամ Հնդկաստանին: Կա պատճառ, որ հավատարիմ մնանք տրանսատլանտյան պաշտպանական համակարգին և մեր ընդհանուր միջուկային հովանոցին: Բայց, իհարկե, Եվրոպան պետք է ավելի մեծ բեռ կրի, քան սառը պատերազմի ժամանակ էր»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում