ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ում ոսկերչական արտադրանքի տեղաշարժը պարզեցնող համաձայնագրի վավերացմանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ում ոսկերչական արտադրանքի տեղաշարժը պարզեցնող համաձայնագրի վավերացմանը

ՀՀ Ազգային ժողով Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշեց, որ համաձայնագրով պարզեցվում է ոսկերչական և այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում:

«Համաձայնագրով սահմանվում են թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի գործառնությունների առանձնահատկությունները ԵԱՏՄ շրջանակում և տարածվում իրավաբանական ու ֆիզիկական անձանց իրավական հարաբերությունների վրա, ինչպես նաև գրանցված անհատ ձեռնարկատերերի, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով գործունեություն»,- ասաց Սիմոնյանը:

Համաձայնագիրը նախատեսում է դրույթ, որով մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Համաձայնագրի հավելվածով սահմանվում են ոսկերչական և այլ արտադրատեսակների պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի դասակարգման չափորոշիչներն ու կանոնները: Մի երկրի հարգադրոշմումը ճանաչվելու է ԵԱՏՄ մյուս անդամ երկրի կողմից:

«Ստեղծվելու է տեսչական մարմին անդամ երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներից, որոնք իրականացնելու են տեսչական այցեր, ստուգելու անդամ երկրների օրենսդրության համապատասխանությունը»,- նշեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. նոյեմբերի 22-ին՝ Մոսկվայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում