Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը՝ համաշխարհային կարգի նվագախումբ. ավարտվել է միջազգային շրջագայությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) միջազգային շրջագայությունն ավարտվել է:
Հյուրախաղերը նվիրված էին հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Ծրագրում ընդգրկված էին նաև Ռախմանինովի ստեղծագործությունները՝ կոմպոզիտորի 150-ամյակի կապակցությամբ:
Համերգները կայացել են նոյեմբերի 12-21-ը այնպիսի հեղինակավոր կառույցներում, ինչպիսիք են Աթենքի ‹‹Մեգարոն››, Սալոնիկի, Նյու Յորքի «Քարնեգի հոլլ», Տորոնտոյի «Ռոյ Թոմսոն հոլլ», Մոնրեալի սիմֆոնիկ երաժշտության (La Maison Symphonique), Բոստոնի «Սիմֆոնիկ հոլլ» համերգասրահներում:
Ծրագրում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», հատվածներ ‹‹Սպարտակ›› բալետից, Ռախմանինովի «Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը» և «Սիմֆոնիա թիվ 2-ը»:
Համերգների մենակատարներն էին համաշխարհային մեծ համբավ ունեցող հայ երաժիշտներ՝ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը և Անուշ Նիկողոսյանը: Բոլոր համերգները կայացել են դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Նոյեմբերի 21-ին Բոստոնի «Սիմֆոնիկ հոլլում» կայացած համերգը բարեգործական էր, որի տոմսերից գոյացած հասույթը՝ որպես մարդասիրական օգնություն, ուղղվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցությանը:
Տարբեր քաղաքներում կայացած համերգներին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները, տեղական իշխանությունների, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Ֆիլհարմոնիկ նվագախումբը մենակատարների հետ միասին արժանացել է միջազգային երաժշտաքննադատների բարձր գնահատանքին: Մասնավորապես նշվել է, որ Հայաստանի ֆիլհարմոնիկը արժանի կերպով է ներկայացրել իր ազգային երաժշտությունը, այն հանդես է գալիս լայն երկացանկով, և օրինակ, նվագում է Մոցարտ «այնպես, կարծես խոսում է հարազատ լեզվով» (Դեյիդ Պատրիկ Ստերնս): Երաժշտաքննադատ Հարրի Ռոլնիկը, անդրադառնալով Սերգեյ Խաչատրյանի կատարմանը, նշել է. «Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը» բարձրագույն հուզական լիցք է պարունակում: Սերգեյ Խաչատրյանը կարողացավ այդ էներգիան փոխանցել հանդիսատեսին: Նրա Գվարների դել Ջեզուի ձայնը հնչեղ էր, բայց ոչ ցուցադրական, և միշտ կենտրոնացած»: Անդրադառնալով ֆենոմենալ դաշնակահար Սերգեյ Բաբայանի՝ Ռախմանինովի «Դաշնամուրի 3-րդ կոնցերտի» բոստոնյան կատարմանը, ասվում է, որ նրա տիրական, իշխող տեխնիկան և նուրբ երաժշտականությունը ցնցող էմոցիոնալ ազդեցություն է թողնում ունկնդրի վրա (Սյուզան Մայրոն):
Կարծիքներ