Այսուհետ COVID-19-ի դեմ պատվաստումներն անվճար են Հայաստանում. ՀՀ ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ այսուհետ առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն անվճար են ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար:
««ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները նախատեսված են (առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի թիվ 436-Ա հրամանով) սահմանված բոլոր ռիսկի խմբերի` 55 և բարձր տարիքի անձանց համար:
Նշենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Ի դեպ, պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ անկախ կցագրումից` հաշվի չառնելով առաջնային օղակում գրանցված լինելու հանգամանքը:
«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
Բացի այդ, COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում, առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայությունների հասանելիությունը ոչ աշխատանքային օրերին բնակչության համար ապահովելու և COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացն իրականացնելու նպատակով, ապրիլի 24-ից շաբաթ և կիրակի օրերին ժամը 10:00-ից 16:00-ը ներառյալ սահմանվում են հերթապահություններ` ԱԱՊ բժիշկների (թերապևտ/ընտանեկան բժիշկ) և իմունականխարգելման կաբինետի ավագ և/կամ միջին բուժաշխատողների ընդգրկմամբ»,- հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Կարծիքներ