Գերմանիան սկսել է ստուգումներ անցկացնել իր բոլոր ցամաքային սահմաններին

Գերմանիան սկսել է ստուգումներ անցկացնել իր բոլոր ցամաքային սահմաններին

Գերմանիան սկսել է պատահական ստուգումներ անցկացնել արևմտաեվրոպական հինգ երկրների հետ իր սահմաններին՝ անկանոն միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում ընդլայնելով վերահսկողության համակարգը, որն արդեն գործում է երկրի չորս այլ սահմաններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Ոստիկանական հսկողությունը սկսվել է Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Դանիայի հետ սահմաններին սեպտեմբերի 16-ի առավոտյան և կշարունակվի վեց ամիս։ Գերմանիան 2023 թվականից ստուգումներ է իրականացնում Լեհաստանի, Չեխիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հետ իր սահմաններին։

Եվրամիության անդամ Գերմանիան անցյալ շաբաթ հայտարարեց, որ այս շաբաթվանից ընդլայնում է սահմանային ստուգումներն իր բոլոր ինը ցամաքային սահմաններին՝ ծայրահեղականների վերջին հարձակումներից հետո անկանոն միգրացիան և հանցագործությունը ճնշելու ջանքերի շրջանակներում:

The Associated Press-ը հիշեցնում է, որ օգոստոսին Զոլինգեն քաղաքում սիրիացի ապաստան հայցողի կողմից դանակով հարձակման հետևանքով զոհվեց երեք մարդ: Կասկածյալը նշել էր, որ ոգեշնչված է «Իսլամական պետություն» խմբավորումից: Իսկ հունիսին աֆղանստանցի ներգաղթյալի կողմից դանակով հարձակման հետևանքով 1 ոստիկան էր զոհվել, ևս 4 մարդ` վիրավորվել: 

ԵՄ-ում Շենգենյան գոտու շրջանակներում մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել մեկ երկրից մյուսը։ Ըստ ԵՄ-ի՝ անդամ երկրները լուրջ սպառնալիքի դեպքում կարող են ժամանակավորապես ներմուծել հսկողություն ԵՄ ներքին սահմաններին։ Միևնույն ժամանակ սահմանային հսկողության պետք է դիմել միայն բացառիկ դեպքերում և սահմանափակ ժամանակով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում