Ֆրանսիան բժշկական անձնակազմի պարտադիր պատվաստում է սահմանում
Ֆրանսիան պարտադիր պատվաստում է սահմանել բժշկական անձնակազմի և մի շարք այլ կատեգորիաների աշխատողների համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հանդես գալով հեռուստաուղերձով։
«Մենք կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում ենք մտցնում բժշկական անձնակազմի և մի շարք այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նա այդ միջոցառումները բացատրել է համաճարակաբանական իրավիճակի վատթարացմամբ։
Պետության ղեկավարը հստակեցրել է, որ պարտադիր պատվաստումը վերաբերում է բժիշկներին և օժանդակ անձնակազմին, այդ թվում ՝ հիվանդանոցներում աշխատող կամ տնային պայմաններում հիվանդների խնամքն իրականացնող:
Նախագահը հայտնել է, որ հուլիսի 21-ից Ֆրանսիայում տեղի կունենա խորհրդարանի արտակարգ նստաշրջանը ՝ բարդացած սանիտարական իրավիճակը քննարկելու և համաճարակի դեմ պայքարի համար նոր ակտեր ընդունելու համար:
Նախագահի ցուցումով ընդլայնվում է սանիտարական անցագրերի կիրառումը։ Հուլիսի 21-ից 50-ից ավելի մարդկանց մասնակցությամբ միջոցառմանը հնարավոր կլինի մասնակցել միայն այդ փաստաթղթով: Օգոստոսի սկզբից սանիտարական անցագրերի օգտագործումն է՛լ ավելի կընդլայնվի ՝ առանց դրանց չեն թողնի ռեստորաններ, բարեր։ Սանիտարական անցագրերը նաև պարտադիր կդառնան հեռավոր երթուղիներով անցնող գնացքների և ինքնաթիռների ուղևորների համար:
Կարծիքներ