Իրանը վերահաստատում է, որ չի ընդունելու որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Քանանին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած ռազմական գործողություններին, որոնք սկսվել էին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով:
Իրանը կարծում է, որ բանակցություններ սկսելու երկու երկրների քաղաքական կամքը, տարածաշրջանային շրջանակը և հարևանների համատեղ ջանքերը կօգնեն լուծել հակամարտությունները Կովկասում:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է իր անկեղծ դիրքորոշումը Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Ցավոք սրտի, մենք կրկին ականատես եղանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության նոր փուլին, որը երկու կողմից էլ հանգեցրեց զոհերի և վիրավորների։ Իրանը, հիմնվելով իր բարիդրացիական քաղաքականության և տարածաշրջանային ճգնաժամերի արագ կարգավորմանը կառուցողականորեն նպաստելուն ուղղված սկզբունքային քաղաքականության վրա, քաղաքական ջանքեր է գործադրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Քանանին:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը կարծում է, որ անհրաժեշտ է օգտագործել քաղաքական մոտեցումներ և լուծումներ՝ հակամարտությունները դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և երկու երկրների միջև սահմանային վեճերը լուծելու քաղաքական երկխոսության մեջ մտնելու համար։ «Իրանը նաև չի ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում»,- հավելել է նա:
Կարծիքներ