ԱՀԿ պատվիրակությունն այցելել է բելառուսա-լեհական սահմանին գտնվող փախստականների ճամբար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակությունը՝ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի Արտակարգ իրավիճակների արձագանքման տնօրեն Ջերալդ Ռոքենշաուբի գլխավորությամբ, այցելել է Բրուզգի լոգիստիկ կենտրոն, որտեղ տեղավորվել են բելառուսա-լեհական սահմանից փախստականները, հայտնում է RIA Novosti-ն։
Պատվիրակությունը ծանոթացել է միգրանտների գիշերելու պայմաններին, ինչպես նաև նրանց ճաշի կազմակերպմանը։ Բացի այդ, ԱՀԿ ներկայացուցիչները զրուցել են ճամբարում աշխատող բժիշկների հետ։
«Եթե միգրանտի մոտ բարդ դեպք կա, մենք նրան տեղափոխում ենք Գրոդնոյի քաղաքային հիվանդանոց»,- ասել են բժիշկները։ Նրանց տվյալներով՝ վերջին օրերին մոտ 100 մարդ հոսպիտալացվել է՝ հիմնականում թոքաբորբով ու շաքարային դիաբետի սրմամբ։
Վերջին շաբաթների ընթացքում մի քանի հազար միգրանտներ են կուտակվել Բելառուսի և Լեհաստանի սահմանին ՝ ԵՄ երկրներ հասնելու հույսով։ Լեհաստանի իշխանությունները ուժեղացրել են սահմանային անվտանգությունը, ներգրավել են զինվորականներին և խափանել անօրինական ներգաղթյալների՝ երկիր մուտք գործելու փորձերը՝ մեղադրելով Մինսկին միգրացիոն ճգնաժամի մեջ։
Բելառուսի իշխանությունները օպերատիվ կերպով կազմակերպել են միգրանտներին բժշկական օգնության տրամադրումը՝ նրանց սնունդ և հագուստ տրամադրելով։
Կարծիքներ