Փաշինյանը վերահաստատեց համանախագահների հովանու ներքո բանակցությունները վերսկսելու Հայաստանի պատրաստակամությունը
Հայաստանի կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և կառավարումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզը, որում Լեռնային Ղարաբաղին ուղղակիորեն առնչվող երկու կետ կար՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնումը, որքանով դա հնարավոր է և իրագործելի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը: «Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները, որ նրանք արտահայտել են նոյեմբերի 9-ին հաջորդած մի քանի հայտարարությունների մեջ՝ հստակ արձանագրվում է, որ մենք շարժվում ենք դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի լիարժեք վերականգնում: Հայաստանը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ ողջունում է համանախագահների այդ մտադրությունը: Հայաստանը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով ներգրավվել բանակցային գործընթացում»,- մանրամասնեց Փաշինյանը:
Փաշինյանը նաև գոհունակությամբ արձանագրեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգով աշխատող եռակողմ աշխատանքային խումբն արդեն իսկ վերականգնել է իր գործունեությունը՝ համաձայն հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին՝ վարչապետն ընդգծեց, որ այս հարցում Հայաստանը մի քանի անգամ իր դիրքորոշումն արտահայտել է, որը շարունակում է մնալ անփոփոխ: «Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների շուրջ մենք մեր պատրաստակամությունը մի քանի անգամ արտահայտել ենք: Հույս ունենք, որ այս բոլոր ուղղություններով կկարողանանք առաջ շարժվել»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ ԼՂ-ում բնականոն կյանքը վերականգնելու գործում բավական ակտիվ գործունեություն են ծավալել՝ շեշտելով, որ այս ընթացքում Արցախում շուրջ 70 միլիարդ դրամի ծրագրեր են արդեն իսկ իրականացվել և շարունակվում է այդ ծրագրերի իրականացումը:
Կարծիքներ