Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար․ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը իրականություն դարձնելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վլադիմիր Պուտինը նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերն ընդունելու արարողության ժամանակ։
«Մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ կառուցված է նույն ոգով։ Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Հետագայում ևս կշարունակենք աջակցել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերին համապատասխան», - նշել է Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահը նաև ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգտակար զրույցի վրա։
«Չեմ կարող իմ գոհունակությունը չհայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն օգտվեցին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հարթակից և օգտակար զրույց ունեցան տարածաշրջանում կայուն խաղաղության և ազգամիջյան համաձայնության հասնելու սկզբունքային հարցերի շուրջ»,- ընդգծել է Պուտինը։
Կարծիքներ