Երևանում կբացվի Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակ
![Երևանում կբացվի Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակ](https://freenews.am/uploads/images/image_750x_61fa7b074ef95.jpg)
Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հայաստանյան այցի շրջանակներում տեղի է ունենալու Երևանում Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացումը: Այդ մասին Ավստրիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Հայաստանի արտգործնախարարը հատկանշական է համարում այն փաստը, որ Ավստրիայի արտգործնախարարի այցը Հայաստան տեղի է ունենում Հայաստան-Ավստրիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Ավստրիայի արտգործնախարարն էլ իր հերթին հավելեց, որ ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է, նշվում, այլև վերջին 12 ամսվա ընթացքում Ավստրիայի արտգործնախարարը արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, ինչը ցույց է տալիս երկկողմ հարաբերությունների կարևորությունը:
«Ուրախությամբ պիտի նկատեմ, որ այս 30 տարվա ընթացքում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվել, կա քաղաքական, տնտեսական, մշակութային երկխոսության և համագործակցության լուրջ փորձ: Անշուշտ, մենք չենք իրացրել այն ողջ ծավալի ներուժը, որը կա մեր երկու երկրների հարաբերություններում, և մեծ հույս ունեմ, որ այս այցը խթան կհանդիսանա, որպեսզի այդ ուղղությամբ առաջ շարժվենք և անցնենք մեր հարաբերությունների հաջորդ փուլին», - նշեց Արարատ Միրզոյանը:
Երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարի մեջ Հայաստանի արտգործնախարարը մեծ կարևորություն է տալիս հատկապես Հայաստանի և Ավստրիայի գործարար համայնքների շփումներին: Նա մեծ գոհունակությամբ արձանագրեց, որ Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակության հետ միասին Հայաստան է եկել նաև ավստրիական լուրջ բիզնես պատվիրակություն: Փետրվարի 3-ին նրանք մասնակցելու են հայ-ավստրիական բիզնես ֆորումի բացմանը:
Կարծիքներ