ԱՆ խոսնակը պարզաբանում է ներկայացրել Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռանալու մասին
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռանալը։
«Ֆեյսբուք»-ի իր էջում Նիկողոսյանը գրել է, որ հարցը պայմանավորված է ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթացով։
«Այդ գործընթացը սկսվել է դեռ տարեսկզբից։ Նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է այդ պաշտոնից։ Նախարարի հրամանով երկու բժշկական կենտրոնների ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեններն արդեն իսկ ազատված են պաշտոնից՝ կապված նոր կենտրոնի ձևավորման գործընթացի հետ։ Երկու կենտրոնի միացումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը»,- նշել է ԱՆ մամուլի խոսնակը։
Նրա խոսքով՝ Դավիդյանցին առաջարկվել է նաև շարունակել համագործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով, օրինակ` գիտական, ուսումնական գործունեությամբ զբաղվելու:
«Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա նման որոշման համար»,- գրել է Նիկողոսյանը։
Մհեր Դավիդյանցը ՀՀ առողջապահության նախարարին ազատման դիմումը ներկայացրել էր օգոստոսի 7-ին։ Նա «Նորք» ԻԿՀ-ի տնօրեն էր նշանակվել 2018 թվականին։
Կարծիքներ