Գերմանացի դերասան Թիլ Շվայգերը Netflix-ի համար երեք նախագիծ կնկարահանի Հայաստանում
Գերմանացի դերասան և ռեժիսոր Թիլ Շվայգերը պատրաստվում է Netflix-ի համար երեք նախագիծ նկարահանել Հայաստանում։
Այս մասին տեղեկանում ենք Armenian Film Society՝ Հայկական կինոընկերության ֆեսբուքյան էջից։
Նշվում է, որ Հայաստանը համագործակցության հուշագիր է ստորագրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տնօրենի ներկայացուցիչների հետ։ Նախագծերը ներառում են UNDERDOG, DEAD BY DAWN և COLLAPSE, ութ մասից բաղկացած շարք:
Սպասվում է, որ նկարահանումները կսկսվեն 2024 թվականի սկզբին։
Ավելի վաղ հայտի էր դարձել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ օֆ Ար» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Ըստ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի՝ Կինոյի օրենքում վերջերս կատարված փոփոխությունները գրավիչ են դարձնում Հայաստանը ֆիլմարտադրության համար․ «Սա կլինի նոր օրենքի փաստացի առաջին կիրառումը: Հիշեցնեմ. սահմանված նորմերի պահպանման դեպքում պետությունը ֆիլմարտադրողներին հետ կվերադարձնի ներդրված գումարի 10-40 տոկոսը: Առաջիկա օրերին ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի համապատասխան ապրանքների, ծառայությունների և դրանցից օգտվելու կարգն ու պայմանները»,– գրել է նա:
Կարծիքներ