Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» 2021 ուսումնաճանաչողական ծրագիրը․ շուրջ 400 սփյուռքահայեր կհյուրընկալվեն հայրենիքում
Հունիսի 21-ին մեկնարկել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա ծրագիրը, որը նպատակ ունի պահպանել և զարգացնել 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների ազգային ինքնությունը: Տեղեկացնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Ծրագիրը ևս 3 փուլով կշարունակվի մինչ օգոստոսի կես՝ 400 սփյուռքահայ երեխաների հնարավորություն ընձեռելով տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը, անցնել հայերենի և պատմաճանաչողության դասընթացներ, սովորել հայկական երգ ու պար, մասնակցել տարաբնույթ հանդիպումների և ծանոթանալ հայրենիքի կրթական հնարավորություններին:
Ծրագրի առաջին փուլին մասնակցում են սփյուռքահայ պատանիներ ԱՄՆ-ից, Լիբանանից, Իսպանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և Ուկրաինայից: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջունեց և բարի գալուստ մաղթեց նրանց՝ նշելով, որ մեկ տարի ընդմիջումից հետո հայրենիքը կարոտել էր սփյուռքի երեխաներին, նրանց ջերմությունն ու ժպիտները:
Ծրագրի 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:
Կարծիքներ