Կորոնավիրուսը հասել է մինչեւ Անտարկտիդա
Անտարկտիդան դադարել է լինել միակ մայրցամաքը, որը կորոնավիրուսից ազատ էր, հայտնում է ավստրալական ABC հեռուստաընկերությունը: Չիլիական O'Higgins Riquelme հետազոտական բազայում մինչեւ 36 մարդ COVID-19-ի թեստի դրական պատասխան է ստացել, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Լրատվամիջոցները մեջբերում են կատարում Չիլիի ԶՈՒ 5-րդ ռազմական դիվիզիոնի մամուլի ծառայությունից: Զինվորականների խոսքով՝ վարակվածների թվում 26-ը զինծառայողներ են, 10-ը քաղաքացիական անձինք, կապալառու ընկերության աշխատակիցները, որոնք սպասարկում են բազան:
Բոլոր վարակվածներին տեղափոխել են Չիլիի հարավ եւ մեկուսացրել, նրանք բժիշկների հսկողության տակ են, ոչ մեկի մոտ առայժմ ծանր ախտանիշներ կամ բարդություններ չեն դիտվել, նշում է Sydney Morning Herald-ը: O'Higgins կայան են ուղարկել նոր խումբ, որը նախնական կարանտին է անցել եւ թեստերի բացասական արդյունքներ ունի:
Չիլիի ՌԾՈՒ-ն դեկտեմբերի 21-ին նաեւ հայտնել էր, որ նավի անձնակազմի երեք անդամ, որը զբաղվում է O'Higgins բազայի տրանսպորտային սպասարկմամբ, Անտարկտիկայից վերադառնալուց հետո COVID-19-ի թեստի դրական պատասխան է ստացել: Մինչ այս ուղերթը ամբողջ թիմի թեստերը բացասական էին եղել:
O'Higgins-ը Անտարկտիկայում գործող չիլիական 13 բազաներից մեկն է: Այն գտնվում է ոչ հեռու Անտարկտիկական թերակղզու ամենահյուսիսային կետից, մոտ է Հոռն հրվանդանին: ABC հեռուստաընկերությունը նշել է, որ մինչեւ այնտեղ դժվար է հասնել անգամ Անտարկիդայի չափանիշներով:
Կարծիքներ