ԱՄՆ-ում և ԵՄ-ում կոչ են արել արգելել թռիչքները Բելառուսի երկնքով
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ՝ Նյու Ջերսի նահանգից) Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի և Գերմանիայի մի խումբ օրենսդիրների հետ հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի և Nexta տելեգրամյան ալիքի լրագրող Ռոման Պրոտասևիչի ձերբակալության հետ։
«Մենք կոչ ենք անում Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը անհապաղ հետաքննել ազատ միջազգային ավիատարանցման այդ ակնհայտ խախտումն ու ավիացիայի համար սպառնալիքը։ Մինչ հետաքննության անցկացումը մենք կոչ ենք անում հեռացնել Բելառուսին կազմակերպությունից և արգելք սահմանել Բելառուսի երկնքով բոլոր թռիչքների վրա, ներառյալ՝ դեպի այդ երկիր և երկրից դուրս»,-ասված է Մենենդեսի մամլո ծառայության հրապարակած փաստաթղթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, օրենսդիրները կոչ են արել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրերին պատժամիջոցներ սահմանել բելառուսական ղեկավարության դեմ և դադարեցնել Ինտեպոլից և այլ միջազգային կազմակերպություններից օգտվելու նրա հնարավորությունները Եվրոպայում ժողովրդավարության նկատմամբ հետագա հարձակումների համար։
«Այդ անխոհեմ գործողությունները մեծ սպառնալիքի տակ են դրել ուղևորներին և անձնակազմին»,-ասվում է հայտարարության մեջ։ Տեքստում պարունակվում է նաև հաստատում՝ հանրապետությունում ԵԱՀԿ-ի վերահսկողությամբ ազատ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին։
«Մենք կոչ ենք անում անհապաղ և առանց որևէ պայմանի ազատ արձակել Ռոման Պրոտասևիչին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին»,-ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ