«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, 10 երեխաների սննդային թունավորման կասկածանքով հիվանդանոց տեղափոխման մասին ահազանգը ստանալուն պես, վերահսկողական միջոցառումներ էին սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում (Երևան):
Արդյունքում՝ անհատ ձեռնարկատեր Գայանե Տեր-Պետրոսյանին պատկանող կենտրոնում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ չեն ապահովվել հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնները՝ ներառյալ խաչաձև աղտոտումից պաշտպանումը, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ՝ անհրաժեշտ հարմարություններով՝ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի մշակման սենյակի մեջ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար:
Այս կենտրոնի՝ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների, չունեն սանիտարական գրքույկներ:
«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Հիշեցնենք, որ կենտրոնում առկա սննդամթերքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից վերցվել են նմուշներ՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Կարծիքներ