Գյումրիում փողոցաշինության աշխատանքները շարունակվում են
Գյումրու քաղաքապետարանը կառավարության հետ համատեղ շարունակում է քաղաքի բարեկարգման և փողոցաշինության աշխատանքները: Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիում այս տարի նախատեսված է հիմնովին վերակառուցել 17 փողոց, ինչպես նաև որոշ փողոցների մասնակի հատվածներ:
freenews.am- ի հետ զրույցում Գյումրու համայնքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը նշեց, որ փողոցաշինության այս ծրագրի իրականացման համար պահանջվող 970 միլիոն դրամից կառավարությունը հատկացրել է 55%-ը, իսկ 45%-ը համայնքը:
Ճշտող հարցին՝ թե անցնող տարվանից կա՞ն անավարտ մնացած ծրագրեր, Կնյազ Մանասյանը պատասխանեց. Բացի «Մայր Հայաստան» հուշահամալիրից Գյումրիում կա ևս մեկ անավարտ ծրագիր, որը դարձյալ իրականացվում է համայնք-կառավարություն սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Այս ծրագրով այժմ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Գյումրու Երկաթգծի Նորավան թաղամասի Աղայան, Շիրվանզադե, Մեքենավարներ փողոցներում, ընդհանուր՝ մոտ 480 մետր երկարությամբ, ծրագրի արժեքը կազմում է 70 միլիոն դրամ: Շինաշխատանքներն իրականացնում է «Ստագ» ՍՊԸ-ն:
Հիշեցնենք, Գյումրիում փողոցաշինության լայնամասշտաբ աշխատանքներ իրականացվել էին 2019 թվականին: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ:
Կարծիքներ