Դերասան Հարություն Մովսիսյանը հերքում է. ընդդիմության երթը պատշգամբից ողջունող տղամարդն ինքը չէ
Երեկ համացանցում և որոշ կայքերում տեսանյութ էր տարածվում, որտեղ մի տղամարդ դրոշը ձեռքին բնակարանի պատշգամբից ողջունում է ընդդիմադիրների երթը մայրաքաղաքի փողոցներով: Առանձին օգտատերեր և որոշ կայքերը սկսեցին գրել, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթին իր բնակարանի պատշգամբից աջակցում է նաեւ հայտնի դերասան Հարություն Մովսիսյանը:
«Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել դերասանի հետ՝ ճշտելու համար՝ իսկապես տեսանյութում մի ակնթարթ երեւացող տղամարդն ի՞նքն է, թե՞ ոչ:
Կայքը գրում է, որ Մովսիսյանը վրդովված հայտնեց, որ հերթական անգամ կեղծ շահարկումներ են անում իր անձի հետ կապված՝ հերքելով տարածված լուրը: «Այդ մարդն անգամ նման էլ չէ ինձ: Մի ժամանակ էլ իմ մասին գրում էին, որ մահացել եմ: Վստահ եմ՝ նույն մարդկանց ձեռագիրն է»,- ասաց նա:
Վերջինս նաեւ նշեց, որ քաղաքականությամբ երբեւէ չի զբաղվել ու չի էլ պատրաստվում եւ չի ցանկանում, որ անմիտ ու կեղծ ձեւով իրեն ներքաշեն նմանատիպ խաղերի մեջ: «Իմ թատրոնում եմ, զբաղվում եմ իմ արվեստով»,- շեշտեց նա:
Կարծիքներ