Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում չի խախտել ՀԱՊԿ պարտավորությունները. Լավրով
Մոսկվան Լեռնային Ղարաբաղում կարգավորման պայմանավորվածություններին հասնելու ընթացքում չի խախտել ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, նման մեղադրանքներն անազնիվ են և ապաշնորհ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մի կողմից (պնդվում է). «Ռուսաստանը խաբել է գրեթե բոլորին և դարձել է հիմնական շահառուն»: Իսկ մյուս բևեռում. «Ռուսաստանը դավաճանել է իր դաշնակիցներին»: Միևնույն ժամանակ, կարելի է տեսնել, թե ինչքան անբարեխղճորեն է, այդ թվում`մեր ռուսական քաղաքագիտական միջավայրում, մեկնաբանվում կատարվածը»,- ասել է Լավրովը:
Նախարարը նշել է, որ որոշ վերլուծաբաններ «ուղղակիորեն մեղադրում են մեզ ՀԱՊԿ-ում ստանձնած մեր պարտավորություններին դավաճանելու համար»:
«Նախ, ես չեմ կարծում, որ մարդիկ (իսկ ես գիտեմ նրանց ազգանունները) պարզապես քաղաքականապես անգրագետ են, իրավաբանորեն՝ անկիրթ: Երկրորդ՝ նրանք չեն կարող չիմանալ, որ ՀԱՊԿ պարտավորությունները տարածվում են բացառապես ՀԱՊԿ անդամ պետության համատեղ պաշտպանության վրա արտաքին ագրեսիայից, ինչը, իհարկե, տեղի չի ունեցել Հայաստանի պարագայում: Նման բազմաթիվ օրինակներ կան: Ես դրանք թողնում եմ հեղինակների խղճի վրա և՛ արտերկրում, և՛ Ռուսաստանի Դաշնությունում»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Կարծիքներ