Մարտունու քրեական հետախույզները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 28-ին, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, Երանոս գյուղ տանող ճանապարհին հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել Երանոսի 3 բնակչի՝ իրենց մեքենայով հանդերձ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, նրանցից մեկի՝ 59-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ և մեքենայից հայտնաբերվեցին տարբեր քաշով չորացված, մանրացված մարիխուանայի նմանվող զանգվածներ:
«Մարտունու քրեական հետախույզները շարունակեցին օպերատիվ միջոցառումները։ Արդյունքում՝ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ թմրամիջոցը ձեռք է բերվել Գավառի մի բնակչից։ Կարճ ժամանակում ճշտվեց իրացնողի ինքնությունն ու բնակության հասցեն։
Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 30-ին խուզարկվեցին 66-ամյա տղամարդու՝ Գավառի Բունիաթյան փողոցի տունն ու օժանդակ շինությունները։ Հայտնաբերվեցին 1 կգ 90 գրամից ավելի կանեփի չորացված, մանրացված զանգվածներ, քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող իրեր, այդ թվում՝ երկաթյա քամիչ, նոթատետր և թմրայութ փաթեթավորելու համար նախատեսված թղթեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Գավառի 66-ամյա բնակիչը բերման է ենթարկվել ու ձերբակալվել: Նշանակվել են փորձաքննություններ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ