Պաշտոնական հրավերով Մոսկվայում էի. Տիգրան Հակոբյան

Պաշտոնական հրավերով Մոսկվայում էի. Տիգրան Հակոբյան

Պաշտոնական հրավերով Մոսկվայում էի։ Աշխատանքային բազմաթիվ հանդիպումներ ունեցա թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարարությունում, զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունում (Роскомнадзор), «Россия сегодня» մեդիահոլդինգում, Զարգացման միջազգային կորպորացիայում։ Փոխնախարար Բ․Չերկեսովայի հետ (ներկա էին նաեւ Հայաստանում գործող ՌԴ բոլոր հեռարձակող ընկերությունների ներկայացուցիչները) քննարկեցինք ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված (2020 թ․ դեկտեմբեր) զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրից բխող անելիքները։ Роскомнадзор-ի ղեկավար Ա․Լիպովի հետ կնքեցինք մեր երկրների կարգավորող մարմինների միջեւ համագործակցության հուշագիր, եւս քննարկեցինք բազմաթիվ հարցեր։ Շնորհակալ եմ ռուսաստանցի գործընկեներին ջերմ ընդունելության եւ շատ արդյունավետ քննարկումների համար։

Այդ հանդիպումների մանրամասների մասին ՀՌՀ-ն հաղորդագրություն կտարածի։ Ես այլ նպատակով եմ գրում այցի մասին։

Բանն այն է, որ այս այցը, փաստորեն, երկու տարուց ավել է, ինչ նախապատրաստվում էր։ Շատերը կհիշեն, ինչ արհեստական «դժգոհության ալիքներ» էին այստեղ բարձրացնում արտահայտած իմ այն կարծիքները համար, որ պետք է հստակ գծվեն սուվերեն մեդիատարածքի սահմանները, հստակեցվի հանրային մուլտիպլեքսի հայեցակարգը, սահմանվի «լեզվական անվտանգություն» հասկացությունը, եւ ինչպես էին ինձ պիտակավորում։ Բայց մենք անդադար աշխատում էինք ռուսաստանցի մեր գործընկերների հետ՛ հանդիպելով Մոսկվայում եւ Երեւանում, տասնյակ ժամեր անցկացնելով առցանց քննարկումներում, տարբեր նախագծեր մշակելով, վիճելով, համաձայնացնելով, փոխզիջումների գալով։

Եւ ահա, առաջին անգամ Ռուսաստանի հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում ինստիտուցիոնալ բնույթ է ստանում, բովանդակության մասով պարտավորություններ է ենթադրում այդ հեռարձակողների համար։ Առաջին անգամ հուշագիր է կնքվում կարգավորող մարմինների միջեւ, ինչը արդյունավետ փոխգործակցության հնարավորություն է տալիս։ Առաջին անգամ մեր Հանրային հեռարձակողին իրավական ակտով հնարարավորություն է տրվում ունիվերսալ արտոնագիր ստանալ ՌԴ-ում հեռարձակվելու համար։ Ու շատ-շատ այսպիսի «առաջին անգամ»-ներ այսօր ունենք, որոնք կրում են «հավասարը հավաարի հետ» հարաբերությունների բնույթը, նպաստում են փոխշահավետ համագործակցությանը։ Արդյունքները կարծում եմ մի առ ժամանակ հետո տեսանելի կլինեն։ Եթե իհարկէ եռանդով եւ նպատակային աշխատեն ոչ միայն մեր Հանձնաժողովը, այլ նաեւ ՀՀ այլ պետական հաստատությունները։

Դեռ հսկա ծավալի աշխատանքներ կան, որպեսզի պայմանավորվածությունները թղթի վրա չմնան, բայց առաջին կարեւորագույն քայլերն այս մի քանի ամսվա մեջ արված են

Ասածս է․ գլխներիս հող լցնելու, բոլորին եւ ամենը մեղադրելու փոխարեն, պարզապես աշխատել է պետք, չնկճվել, հավատալ արդյունքներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում