Մայր Աթոռում տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով
Հունիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Ժողովի օրակարգում ընդգրկված էին համավարակի կանխարգելմանն ուղղված քայլերին, հոգեւոր կրթական հաստատություններին, Մայր տաճարի հիմնանորոգության ընթացքին եւ ազգային-եկեղեցական կյանքին առնչվող հարցեր։
Համավարակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ թեմերի կողմից հայրենիքում իրականացվող սոցիալական աջակցության լայնածավալ ծրագրերի մասին զեկույց է ներկայացրել Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրենը։ Ըստ այդմ՝ Մայր Աթոռի միջոցներով, սփյուռքի թեմերից, բարերարներից եւ հիմնադրամներից ստացված գումարներով ծրագրեր են իրագործվել սոցիալական, առողջապահական եւ կրթական ոլորտում։
Գերագույն հոգեւոր խորհուրդը գնահատանքով է ողջունել կատարված աշխատանքները՝ կարեւորելով առկա դժվարին պայմաններում կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաեւ առողջապահական եւ կրթական ոլորտում ՀՀ կառավարությանը բերած օգտակարությունը։ Ժողովականները քննարկել են նաեւ ծրագրերի հետագա ընթացքին վերաբերող հարցեր։
Ժողովի ընթացքում լսվել է նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի զեկույցը Մայր Տաճարի հիմնանորոգության եւ ամրակայման աշխատանքների ընթացքի մասին։ Սրբազանը տեղեկացրել է, որ պայմանավորված համավարակով աշխատանքները դադարեցվել էին եւ վերսկսվեցին միայն վերջերս։
Ամբողջապես ավարտվել է զանգաշտարակների նորոգումը, ընթանում է զանգակատան ամրակայումն ու հիմնանորոգումը եւ տաճարի հիմքերի ջրամեկուսացումը։ Զուգահեռաբար իրականացվում է Մայր տաճարի շրջակա տարածքի բարեկարգումը։
Ժողովականներին Մուշեղ եպիսկոպոսի կողմից նաեւ ամփոփ տեղեկություններ են փոխանցվել Մայր տաճարի հիմնանորոգման համար անհրաժեշտ միջոցների հանգանակության ընթացքի, հանգանակության կազմակերպման աշխատանքային հանձնախմբի գործունեության մասին։ Ծանուցվել է, որ պայմանավորված ներկա իրավիճակով հանգանակությունների գործընթացը կանգ է առել եւ առ այսօր հավաքագրվել է նորոգության համար անհրաժեշտ գումարի մեկ երրորդը։
Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ զեկույց է ներկայացրել Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ ամփոփ տեղեկություններ փոխանցելով աշխատանքային թեմատիկ հինգ ենթախմբերի հանդիպումների արդյունքների մասին։ Նշվել է, որ աշխատանքային խմբի աշխատանքներն ընթացքի մեջ են եւ առաջադրված հարցերը քննարկումների փուլում են։
Անդրադարձ է կատարվել նաեւ շաբաթներ առաջ ՀՀ կառավարության անունից մամուլում հրապարակված տեղեկանքին, որտեղ արձանագրված էին աշխատանքային խմբում քննարկված հարցերի շուրջ տարբեր գերատեսչությունների մոտեցումները։ Այս առնչությամբ դիվանապետ Սրբազանը հայտնել է, որ Մայր Աթոռում աշխատանքային խմբի՝ Եկեղեցու կողմից ներկայացված անդամների եւ ենթախմբերի եկեղեցական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման արդյունքում քննարկված հարցերի շուրջ պատրաստվել է Մայր Աթոռի դիրքորոշումներն ամփոփող տեղեկանք, որն օրեր առաջ առաքվել է ՀՀ կառավարությանը։
Գերագույն հոգեւոր խորհուրդն իր հերթին քննության է առել խնդրո առարկա հարցերը՝ թելադրելով շարունակել հետեւողական աշխատանք տանել առաջադրված խնդիրների կարգավորման ուղղությամբ։
Մայր Աթոռի հոգեւոր բարձրագույն հաստատությունների կրթական գործընթացի մասին զեկույցով հանդես է եկել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։
Հայր Սուրբը տեղեկացրել է, որ համավարակի պայմաններում ճեմարանը շարունակել է իր կենսագործունեությունը՝ կազմակերպելով հեռավար ուսուցում եւ ավարտին հասցնելով ուսումնական տարին։ Ժողովականները կարեւորել են, որ ճեմարանի տեսչության կողմից հայաստանյան եւ սփյուռքյան թեմերում լրացուցիչ աշխատանքներ տարվեն երիտասարդ հայորդիներին հրավիրելու ճեմարան ուսումնառության։
Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները մեծապես կարեւորել են ապագա եկեղեցականների պատրաստության առաքելությանն ուղղված ջանքերը՝ հորդորելով արդյունավորությամբ, ժամանակի պահանջներին համահունչ շարունակել հոգեւորականների նոր սերնդի կրթությունն ու դաստիարակությունը։
Ի թիվս վերոբերյալ հարցերի անդրադարձ կատարվեց հայրենական կյանքին, համավարակի պայմաններում Սփյուռքի համայնքների ու թեմերի առջեւ ծառացած մարտահրավերներին եւ եկեղեցականների հոգեւոր սպասավորությանն առնչվող տարբեր խնդիրներին:
Վերջում Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ժողովականներին օգտաշատ քննարկումների համար։ Վեհափառ Հայրապետը կարեւորել է դժվարին այս ժամանակաշրջանում Եկեղեցու կողմից ժողովրդին ցուցաբերվող զորակցությունը։ Նորին Սրբությունն ընդգծել է, որ Մայր Աթոռը շարունակելու է հորդորել եկեղեցականներին իրենց օգտակարությունը բերել ինչպես հայրենիքի, այնպես եւ հայոց սփյուռքի առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավման եւ ազգային միասնականության ոգու զորացմամբ առկա խնդիրների հաղթահարման համար։
Կարծիքներ