Հայաստանն ունի պատվաստման մեծ ներուժ. կառավարության անդամները առաջիկա շաբաթվա ընթացքում կպատվաստվեն

Հայաստանն ունի պատվաստման մեծ ներուժ. կառավարության անդամները առաջիկա շաբաթվա ընթացքում կպատվաստվեն

 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, այդ թվում՝ քաղաքացիների պատվաստվելու կարևորությանը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ավելի քան մեկ տարի աշխարհն ապրում է համավարակի պայմաններում, ու ՀՀ կառավարության ռազմավարությունն ի սկզբանե եղել է հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով:

«Պատերազմի պատճառով գուցե ուշադրություն չենք դարձրել պատվաստումներին, սակայն հիմա կա պատվաստման բավականին մեծ պոտենցիալ, բայց բախվում ենք մի խնդրի, որ այդ պոտենցիալը պատշաճ մակարդակով չի իրականացվում»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այսօր գրանցվել է կորոնավիրուսի 656 նոր դրական դեպք, 2000-ից ավելի վարակակիր գտնվում է հիվանդանոցներում: Վերջին օրվա ընթացքում գրանցվել է 16 մահ: Մահերի թիվն արդեն իսկ անցել է 4000-ը: Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ մեր երկրում հասանելի են պատվաստանյութերը 18 տարին լրացած քաղաքացիների համար:

Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ ապրիլի 28-ին ինքն ու փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պատվաստվել են, ինքն իրեն լավ է զգում:

«Պատվաստումը այն միակ միջոցն է, որն օգնելու է վերջ դնելու մահերի աղետալի ընթացքին ու զսպելու հաջորդ աղետալի ընթացքին», - ասաց տիկին Ավանեսյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ պետք է սկսել իրենցից՝ մի շաբաթվա ընթացքում կառավարության բոլոր անդամները պետք է պատվաստվեն: «Եթե որևէ պատվաստանյութ ներկայացնի որևէ վտանգ քաղաքացիների առողջությանը, կյանքին, ՀՀ կառավարությունն ուղղակի այդ պատվաստանյութը չի ընդունի», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ շատ մեծ լրատվական շահարկումներ կան պատվաստանյութերի առումով:

«Ամենևին զարմանալի չէ այն արշավը, որ կա Հայաստանում, որովհետև պատվաստումների դեմ, ցավոք, վերջին տարիներին Հայաստանում շարժումներ են սկսվել, որոնք չգիտես, թե ինչ նպատակ ունեն: Մենք բոլորս պետք է պատվաստվենք: Այս պահի դրությամբ Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Հիմա աշխարհում պատվաստվածների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով, այնպես որ՝ սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ շուտով որևէ ճամփորդության համար պատվաստումը պետք է լինի պարտադիր:

Վարչապետի պաշտոնակատարը պատվաստվելը կարևորեց ոչ միայն Հայաստանից արտերկիր ճամփորդությունների, այնպես էլ մեր երկիր ժամանող զբոսաշրջիկների համար:

Ապրիլի 26-ին Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի խմբաքանակ` 14000 անձի համար (առաջին բաղադրիչը): Մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան էր ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ: Իսկ ապրիլի 8-ին ներկրվել էր «Sputnik-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7500 անձի համար։ Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանը կստանա 100 000 դեղաչափ Չինաստանից որպես նվիրատվություն սպասվող Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում