ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում չպատվաստված երեխաների թվի աճի մասին
Աշխարհում երեխաների պատվաստումների մակարդակը դեռ չի հասել այն ցուցանիշներին, որ եղել են 2019 թվականին՝ մինչև կորոնավիրուսը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականին մանկական պատվաստումների համաշխարհային ընդգրկումը փոքրացել է, ինչի հետևանքով շուրջ 2,7 միլիոն երեխա չի պատվաստվել կամ թերի է պատվաստվել։
«Երեք չափաբաժին դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի դեմ պատվաստանյութ ստացող երեխաների թիվը 2023 թվականին կազմել է 84 տոկոս (108 մլն): Միևնույն ժամանակ, 14, 5 միլիոն երեխա նույն տարում ոչ մի պատվաստում չի ստացել այս հիվանդությունների դեմ»,-հայտնում է ԱՀԿ-ն։
Կազմակերպության տվյալներով՝ նորածինների մոտավորապես երեք քառորդն ապրում է այն երկրներում, որտեղ վերջին հինգ տարում կարմրուկի բռնկումներ են եղել։ Այս հիվանդության համաճարակ է հայտնաբերվել ընդհանուր առմամբ 103 երկրում։ Պատվաստումների ցածր ծածկույթը (80 տոկոս կամ ավելի քիչ) եղել է հիվանդության տարածման հիմնական գործոնը: Պատվաստումների բարձր ընդգրկվածություն ունեցող 91 երկրում կարմրուկով վարակվածություն չի հայտնաբերվել։
Կարծիքներ