Իրականացվել է Covid-ի դեմ 377 հազար 405 պատվաստում. նախարարը գոհ է տեմպից
Հայաստանում մինչև այժմ կորոնավիրուսի դեմ իրականացվել է 377 հազար 405 պատվաստում, որից երկու դեղաչափն էլ ստացել է արդեն 133 հազար 31 քաղաքացի:
Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների հարցով կազմակերպված քննարկման ընթացքում:
«Եթե մարտ ամսին պատվաստման նկատմամբ հակվածության ցուցանիշը բնակչության մոտ 10 տոկոս էր, ապա այսօր դա 40 տոկոսից բարձր է: Մենք տեսնում ենք տեմպը, օրական պատվաստումների բավականին աճող ցուցանիշները: Երեկ իրականացվել է 9 924 պատվաստում: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 377 հազար 405 պատվաստում: Առաջին դեղաչափ ստացել են 244 հազար 374 քաղաքացիներ, իսկ երկրորդ դեղաչափ արդեն ստացել են 133 հազար 31 քաղաքացիներ»,- ասաց Ավանեսյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է Հայաստանում պատվաստումային գործընթացը հապաղել՝ նախարարը նշեց ապատեղեկատվության, հակաքարոզչության մասին, ինչը, ըստ նրա, բացասական ազդեցություն է ունեցել քաղաքացիների վրա: «Մենք 4-5 ամիսների ընթացքում փորձեցինք հետ պտտել այդ հակաքարոզչության անիվը: Եվ ես կարծում եմ, որ արդեն իսկ բավական լավ ցուցանիշ ունենք քաղաքացիների մոտ պատվաստումների նկատմամբ վերաբերմունքի մասով»,- ասաց նախարարը:
Կարծիքներ