Լիտվայից ժամանած բժիշկների պատվիրակությունն ավարտել է առաքելությունը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին, Լիտվայից ժամանած պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսին և պատվիրակության մի քանի անդամների, շնորհակալություն հայտնել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
11 հոգուց բաղկացած պատվիրակությունը Լիտվայից Հայաստան էր ժամանել երկու շաբաթ առաջ` իր հետ բերելով բժշկական պաշտպանիչ պարագաներ, սարքավորումներ և Covid-19-ի ախտորոշման թեստեր: Բժիշկներն աշխատել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և «Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքներում, իսկ փորձագետների թիմը՝ առողջապահության նախարարությունում, ՀՀ Ան Առողջապահության ազգային ինստիտուտում, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում և «Նորք ինֆեկցիոն» կլինիկական հիվանդանոցում։
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հույս է հայտնել, որ Լիտվայի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը դրական ազդեցություն կունենա ոչ միայն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, այլև դրանից հետո: Դեսպանը նաև իր շնորհակալությունն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և խոսքը փոխանցել Մարիուս Չիուրլիոնիսին, ով ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ իրենց դիտարկումները, եզրակացությունները և արել առաջարկներ` ներկայիս իրադրության շուրջ:
Անդրադառնալով Մարիուս Չիուրլիոնիսի առաջարկներին` Արսեն Թորոսյանը նշել է, որ լաբորատորիաների ընդլայնման հարցը նախարարության առաջնահերթություններից է և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նախարարը կարևորել է գործընկերների աջակցությունը և շարունակական համագործակցության հույս հայտնել:
Հանդիպման ավարտին առողջապահության նախարարության կողմից, ի նշան երախտագիտության, պատվոգրեր և փոքրիկ հուշանվերներ են հանձնվել Լիտվայից ժամանած պատվիրակության անդամներին:
Կարծիքներ