Ռուսաստանում անտառային հրդեհներն ընդգրկել են ավելի քան 41,8 հազար հեկտար մակերես

Ռուսաստանում անտառային հրդեհներն ընդգրկել են ավելի քան 41,8 հազար հեկտար մակերես

Ռուսաստանում այսօր անտառների հրշեջ կազմավորումները կրակը մարում են 41,8 հազար հա մակերեսը գերազանցող տարածքում: Վերջին մեկ օրում կրակով բռնկված տարածքները կրճատվել են ավելի քան 9 հազար հա-ով, լրագրողներին հայտնել են դաշնային Ավիաանտառպահպանության մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«2020 թվականի հուլիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության տարածքում գործել է (եւ շարունակում է գործել) 193 անտառային հրդեհ 41 877 հա մակերեսով, որոնց ակտիվ մարման աշխատանքներ են կատարվել»,- հայտնել են Ավիաանտառպահպանության մամուլի ծառայությունից:

Ներկայումս ամենաուժող հրդեհները գրանցվում են Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանում, որտեղ այրվում է ավելի քան 13 հազար հա: Ավելի քան 8 հազար հա անտառ է կրակով բռնկված Ամուրի մարզում, մոտ 6,5 հազար հա՝ Իրկուտսկում: Հրդեհներ են նկատվում նաեւ մի շարք այլ տարածաշրջաններում:

Հրշեջները կրակի օջախներ են մարում նաեւ հատուկ պահպանվող բնական տարածքներում: Այսպես՝ կրակը տարածվել է գրեթե 2,5 հազար հա տարածքում Բուրյաթիայում, Կրասնոյարսկի երկրամասում, Բաշկորտոստանում, Յակուտիայում, Խաբարովսկի երկրամասում եւ Սվերդլովի մարզում:

Անտառային հրդեհների դեմ պայքարին ներգրավված է ընդհանուր առմամբ ավելի քան 5,5 հազար մարդ, գործարկվել է 894 միավոր տեխնիկա: Անտառների իրավիճակը օդից դիտարկում են 66 օդանավեր, 39-ը մասնակցում են մարմանը:

Անտառներում բռնկումների պատճառով հատուկ հակահրդեհային ռեժիմ է մտցվել երկրի 54 տարածաշրջաններում: Արտակարգ դրության ռեժիմ է գործում Յակուտիայի, Կրասնոյարսկի երկրամասի, Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանի ամբողջ տարածքում, մասնակի՝ Օրենբուրգի, Սվերդլովի, Իրկուտսկի, Ամուրի մարզերի, Անդրբայկալի երկրամասի եւ Բուրյաթիայի տարածքներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում