ՊՆ-ն փոխհատուցման տրամադրման համար հիմնադրամ է ուղարկել 3 039 զոհված զինծառայողների գործեր
ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկել 3 039 զոհված զինծառայողների գործեր՝ փոխհատուցում տրամադրելու համար: Այս մասին ԱԺ-ում ասաց ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը:
Նա խոսեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ աշխատանքների կազմակերպման ընտրված ձևից: «Հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը, նաև աշխարհագրական հեռավորությունը՝ որոշում է կայացվել, որ ՏԻՄ-ի և տարածքային կառավարման մարմինների միջոցով է իրականացվելու գործերի սկզբնական հավաքումը, որոնք հետո յուրաքանչյուր շաբաթ կամ ամսվա ընթացքում գործերը ներկայացվում են վարչություն»,- ասաց Ավետիսյանը:
Վարչությունն իրականացնում է տվյալների ճշգրտում, դրանից հետո դրանք ուղարկվում են հիմնադրամ: Հիմնադրամի կողմից փոխհատուցումների վճարման գործընթացը նախարարության վերահսկողությունից դուրս է, բայց, նա վստահեցրեց, որ համագործակցային լավ կապեր են ստեղծված, աշխատում են ամենօրյա ռեժիմով:
«Մեր կողմից արդեն իսկ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկվել 3 039 գործ, խոսքը վերաբերում է զոհված անձանց: Մեր տվյալներով՝ 2 500 գործի մասով արդեն կա որոշում, որ փոխհատուցումն արվի հիմնադրամի կողմից»,- ասաց նա ու նշեց, որ այդ թիվը վերջնական չէ:
Ցավոք, դեռ կան անհետ կորած անձինք, որոնց կարգավիճակն անհայտ է:Նա հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ հաստատվել է և կիրրականացվի պիլոտային ծրագիր, անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին, որոնք դեռևս չունեն կարգավիճակ, կվճարվի 300-հազարական դրամ:
Կարծիքներ