Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով

Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է գումարել՝ կապված Նոր Կալեդոնիայի տարածքում շարունակվող անկարգությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այդ մասին հաղորդել է Ելիսեյան պալատը։

Ֆրանսիայի հատուկ վարչատարածքային միավորման մեջ մայիսի 13-ից շարունակվում են անկարգությունները։ Դրանք տեղի են ունենում կղզու տարածքի անկախության կողմնակիցների բողոքի ցույցերի հետ մեկտեղ, որոնք դեմ են հանդես գալիս Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում  հաստատված սահմանադրական բարեփոխմանը:

Այս բարեփոխումն ուղղված է նահանգային ընտրություններում ընտրազանգվածի մասնակցության ընդլայնմանը, որոնք վճռորոշ նշանակություն ունեն Նոր Կալեդոնիայում: Նոր օրենքը նախատեսում է նման ընտրություններում ձայնի իրավունքի տարածում Նոր Կալեդոնիայում ծնված բոլոր քաղաքացիների և այն անձանց վրա, որոնք առնվազն տասը տարի այդ տարածքի ռեզիդենտներ են: Դա, ինչպես սպասվում է, ընտրազանգվածը կընդլայնի 25 հազար ընտրողով։ Ցուցարարների կարծիքով բարեփոխումը կծառայի հօգուտ լոյալիստների, քանի որ կթուլացնի բնիկների էլեկտորալ ազդեցությունը։

Նոր Կալեդոնիայում երկրորդ գիշերն անընդմեջ շարունակվում են ցուցարարների բախումները իրավապահ մարմինների հետ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության վերջին տվյալների համաձայն՝ անցած գիշեր առնվազն երկու մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

Ֆրանսիայի իշխանությանը Նոր Կալեդոնիայում ներկայացնում է Ֆրանսիայի նախագահի կողմից նշանակված գերագույն կոմիսարը: Գործադիր իշխանությունն իրականացնում է տեղի կառավարությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում