ՀՌՀ անդամի թափուր տեղի համար առաջադրվել է Գոհար Մամիկոնյանի թեկնածությունը. քննարկում ԱԺ-ում
Ազգային ժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Գոհար Մամիկոնյանի թեկնածությունն առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Մամիկոնյանն իր խոսքում անդրադարձավ զանգվածային լրատվամիջոցներին ու դրանց դերին:
«Յուրաքանչյուր դեմոկրատական պետության համար անչափ կարևոր է տեղեկատվական ազատությունը: Եթե քաղաքացիները չգիտեն, թե ինչ է կատարվում պետությունում, եթե ղեկավարների գործողությունները թափանցիկ և հաշվետվողական չեն, ապա քաղաքացիները չեն կարող ակտիվորեն և բովանդակային մասնակցություն ունենալ հանրային կառավարմանը, այդ թվում՝ հանրային կյանքի տարբեր ոլորտներում որոշումների կայացման գործընթացին»,- ասաց Մամիկոնյանը:
Նրա խոսքով՝ հեռարձակող լրատվամիջոցներն իրենց հերթին պետք է լինեն անկախ և ազատ, կարողանան ապահովել լրատվամիջոցների գործունեության թափանցիկությունը, ֆինանսական միջոցների գոյացման աղբյուրները:
«Ինչպես տեղեկանում ենք հանձնաժողովի 2021 թվականի գործունեության տարեկան հաղորդումից, այս ոլորտի վրա տևական ժամանակ բացասաբար են ազդում մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնց թվում են՝ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցողների իրական սեփականատերերի բացահայտման օրենսդրությամբ սահմանված մեխանիզմների բացակայությունը, սլոթների և հաճախականությունների օգտագործման պետական հայեցակարգի բացակայությունը, կարգավորման ներքո գտնվող հեռարձակողների և համացանցում տեսալսողական ծառայություններ մատուցող ընկերությունների միջև մրցակցային անհավասար պայմանները»,- ասաց նա:
Կարծիքներ