Ընդհանուր առմամբ մոտ 571 կմ ճանապարհ է հիմնանորոգվել ու կառուցվել. Գնել Սանոսյանը՝ 2021-ի աշխատանքների մասին
2021 թվականին ՏԿԵ նախարարությանը պետական բյուջեից 22 ծրագրի համար հատկացվել էր 214.7 միլիարդ դրամ, որից փաստացի տարեվերջին ծախսվել է 202.4 միլիարդ դրամը, այսինքն՝ նախորդ տարվա կատարողականը կազմել է 94.3 տոկոս:
Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Համեմատելով 2020 թվականի հետ՝ նա նշեց, որ կատարողականը եղել է 84.7 տոկոս:
«Կատարված ծրագրերի մեջ են հիմնանորոգումները, հանրապետական, միջպետական ու տեղական ավտոճանապարհները, վարկային ծրագրերը, «Հյուսիս-հարավ»-ը, Մ6-ը, Բագրատաշենի կամուրջը: Խոշոր ծրագրերից է նաև ոռողգման համակարգի առողջացման ծրագիրը՝ 21.4 միլիարդ պլանավորված էր, ծախսվել է 19.8 միլիարդը կամ 92.4 տոկոսը: Մյուսը տարածքային զարգացման ծրագիրն է, որի մեջ 2 բաղադրիչ կա՝ դոտացիաները և մարզերին տրվող սուբվենցիոն գումարները»,- ասաց Սանոսյանը:
Մասնավորեցնելով ճանապարհաշինության հետ կապված աշխատանքները՝ Սանոսյանը նշեց.
«Ընդհանուր առմամբ մոտ 571 կմ ճանապարհ է հիմնանորոգվել, միջին նորոգման ենթարկվել կամ այլ նշանակության ճանապարհներ են կառուցվել: Սյունիքի մարզում հայտնի հանգամանքներից ելնելով՝ մի շարք ճանապարհներ են նախատեսվել, դրանց մեջ մեկը Տաթև-Աղվանի ճանապարհն էր, այս տարի կտեղադրվի երրորդ շերտը: Դրան զուգահեռ նաև սկսվել է Տաթև-Լծեն, Տանձավեր-Շուռնուխ, Քաշունի-Բարձրավան, Որոտան-Խոտ, Կապան-Ճակատեն ճանապարհների կառուցումը: Աշնանը և ձմռանն աշխատանքներն իրականացվել են, հիմա շարունակվել են»:
Սանոսյանը նաև տեղեկացրեց, որ ֆիքսում են հանրապետության վտանգավոր ճանապարհահատվածները, որտեղ հաճախ տեղի են ունենում վթարներ ու պատահարներ: Դրանք պայմանականորեն անվանում են «սև կետեր»:
«Բյուջեով նախատեսում ենք տարբեր հատվածներով «սև կետերի» վերացումը, այսինքն՝ տարբեր աշխատանքներ, որպեսզի այդ տարածքներում մեղմենք վթարավտանգ իրավիճակը»,- ասաց Սանոսյանը:
Կարծիքներ