ՀԱՄԱՍ-ը ներկայացրել է Իսրայելի հետ համաձայնագրի իր տեսլականը, որն Իսրայելն անիրատեսական է անվանել
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումն Իսրայելի հետ բանակցություններում միջնորդներին ներկայացրել է Գազայի հատվածում զինադադարի հաստատման ապագա համաձայնագրի իր տեսլականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram ալիքում հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։
«Շարժումն այսօր միջնորդներին է ներկայացրել ապագա համաձայնագրի իր տեսլականը, որը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա՝ մեր ժողովրդի դեմ ագրեսիայի դադարեցում Գազայում, այնտեղ մարդասիրական օգնության առաքում, տեղահանվածների վերադարձ իրենց բնակության շրջաններ, ինչպես նաև իսրայելցի զինվորականների դուրսբերում անկլավից», - ՀԱՄԱՍ-ի հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Շարժումը հավելել է, որ նախանշված պայմանները համարում են «անհրաժեշտ համաձայնության հասնելու համար»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմը, սակայն, հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի նոր դիրքորոշումը հիմնված է «անիրատեսական պահանջների» վրա։
«ՀԱՄԱՍ-ը շարունակում է առաջնորդվել անիրատեսական պահանջներով: Այս հարցի վերաբերյալ թարմացված տեղեկատվությունն ուրբաթ օրը կներկայացվի ռազմական և անվտանգության նախարարություններին», - ասված է աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 31 300-ը, վիրավորվել է 71 500 մարդ։
Կարծիքներ